ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Թրամփի ծրագիրը. խաղաղությո՞ւն, թե ավելի մեծ պատերազմ, այսինքն՝ Երրորդ համաշխարհային

Թրամփի ծրագիրը. խաղաղությո՞ւն, թե ավելի մեծ պատերազմ, այսինքն՝ Երրորդ համաշխարհային
21.11.2025 | 11:06

Ծրագրի (շրջանակային համաձայնագրի) նախագծի վերաբերյալ առաջին տեղեկությունները հրապարակվեցին դեռ երեկ և անմիջապես տարածվեցին գրեթե ողջ աշխարհում: Ըստ այդմ, Ուկրաինական հակամարտության վերաբերյալ խաղաղության ԱՄՆ- ի նոր ծրագրի նախագիծը ներառում է Ուկրաինայի զինված ուժերի առնվազն կրկնակի կրճատում և Ղրիմից, ինչպես նաև ամբողջ Դոնբասից Կիևի հրաժարում: Այն նաև նախատեսում է Կիևին ամերիկյան ռազմական օգնության կրճատում՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման միջոց։

«Ծրագրի նախագիծը Ուկրաինայից կպահանջի զիջել Արևելյան Դոնբասի մնացած մասը և երկու անգամ կրճատել զինված ուժերի թվաքանակը,- հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է «Financial Times» թերթը:- Կարևորն այն է, որ ԱՄՆ- ի ծրագրի նախագիծը նաև կոչ է անում Ուկրաինային հրաժարվել սպառազինության առանցքային տեսակներից և ներառում է ԱՄՆ- ի ռազմական օգնության կրճատում»:

«Axios» պարբերականն էլ վկայակոչելով նախաձեռնության մանրամասներին ծանոթ ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ 28 կետից բաղկացած պլանը նախատեսում է Ռուսաստանի կողմից փաստացի վերահսկողության ստացում Լուգանսկի և Դոնեցկի ողջ տարածքի նկատմամբ: Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը ենթադրում է, որ Կիևը կզիջի տարածքների մի մասը՝ ԱՄՆ- ից և մի շարք եվրոպական երկրներից անվտանգության երաշխիքների դիմաց:

Համաձայն հրապարակման, Դոնալդ Թրամփի առաջարկած նոր ծրագրի շրջանակներում ԱՄՆ- ը պաշտոնապես ճանաչելու է Ղրիմը և Դոնբասը որպես ռուսական տարածքներ, դրանց նկատմամբ ՌԴ ինքնիշխանությունը: Ըստ այդմ, Ուկրաինան դուրս է բերելու իր զորքերը Դոնբասի այն տարածքներից, որոնք այժմ իր վերահսկողության ներքո են: Վաշինգտոնն առաջարկում է վերոնշյալ տարածքները, որտեղից Ուկրաինան իր զորքերը հանելու է, ապառազմականացված գոտի դարձնել, որտեղ Ռուսաստանը չի կարողանա զորքեր տեղակայել:

Մյուս երկու տարածաշրջաններում՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, վերահսկողության ներկայիս գծերը հիմնականում մնալու են նույնը, այսինքն՝ շփման գիծը փաստացի «սառեցվելու է», իսկ Ռուսաստանը բանակցությունների արդյունքում վերադարձնելու է նշված մարզերի տարածքների մի մասը: Հստակեցված է, որ ծրագրում նշված են Խերսոնի և Զապորոժիեի մարզերում վերահսկողության ներկայիս գծերի պահպանման պայմանները, ինչպես նաև բանակցությունների արդյունքում նշված մարզերի տարածքների մի մասը վերադարձնելու Ռուսաստանի հնարավորությունը:

Դարձյալ ըստ «Axios»- ի հրապարակման, Թրամփի վարչակազմի ծրագրի նախագծով ԱՄՆ- ը և այլ երկրներ Ղրիմը և Դոնբասը ճանաչելու են որպես ռուսական տարածք, մինչդեռ Կիևը պարտավոր չէ պաշտոնապես նման քայլ կատարել: Լրացուցիչ նշված է Ուկրաինայի ԶՈւ սպառազինությունների քանակի և հեռահարության սահմանափակումը՝ անվտանգության ամերիկյան երաշխիքների դիմաց։ «Financial Times» թերթի և մի շարք այլ ԶԼՄ- ների տեղեկացմամբ, Կիևը պետք է հրաժարվի սպառազինության որոշ տեսակներից, այդ թվում՝ հեռահար հրթիռներից:

Ըստ «Financial Times»- ի, «Reuters»- ի և «Axios»- ի հրապարակումների, ԱՄՆ- ի առաջարկած ծրագրի համաձայն, Ուկրաինան պետք է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տա, ինչպես նաև պաշտոնական կարգավիճակ շնորհի Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն:

«Խաղաղության ծրագիրը նախատեսվում է ռուսերենը ճանաչել որպես պաշտոնական պետական լեզու Ուկրաինայում,- գրել է «Financial Times»- ը:- Այն նաև նախատեսում է պաշտոնական կարգավիճակ տրամադրել Ռուս Ուղղափառ Եկեղեցու տեղական բաժանմունքին»:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ առաջարկվող ծրագրով կարգելվի Ուկրաինայում խաղաղության դեպքում արտասահմանյան որևէ զորախմբի գտնվելը: Ծրագրի նախագծում նաև ընդգծված է, որ վերոնշյալ պայմանները կրում են նախնական բնույթ և ենթակա են հետագա բանակցությունների:

Ինչ վերաբերում է ՌԴ- ի հետ բանակցություններին, ապա, ինչպես հայտնել է CNN- ը դրանք իբր արդեն ընթանում են, բայց գաղտնի: Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում քննարկումն արագացել է։ Ռուսաստանի ԱԳՆ- ն, սակայն, դեռ չի հաստատել, որ ինչ- որ ծրագիր իսկապես քննարկվել կամ քննարկվում է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ- ից տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ որևէ համաձայնագրի մասին: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պաշտոնական խողովակներով այդ կապակցությամբ ոչ մի տեղեկություն չի ուղարկել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ բանակցությունների հարցում այս պահին «ոչ մի նորամուծություն» չկա, հաղորդում է MK.RU.

Ինչպես հաղորդել է «NBC News» հեռուստաալիքը, Թրամփն այս շաբաթ հաստատել է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված 28 կետից բաղկացած ծրագիրը, որի վրա մի քանի շաբաթ գաղտնի աշխատել են ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:

«Նախագահ Թրամփը հավանություն է տվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ծրագրին»,- նշված է հրապարակման մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ պլանի մշակմանը մասնակցել են ԱՄՆ- ի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ- ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի փեսա Ջարեդ Քուշները: Խորհրդակցություններին մասնակցել են նաև Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը և Ուկրաինայի ներկայացուցիչները: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ծրագիրը կողմերին կապահովի անվտանգության երաշխիքներ և հաշվի կառնի խաղաղության հասնելու համար Ուկրաինայի շահերը:

«Bloomberg» գործակալության տեղեկացմամբ, Թրամփի ծրագիրը ենթադրում է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում: Թե կոնկրետ ինչ սահմանափակումների վերացման մասին է խոսքը, դեռ չի բացահայտվում։

Ամերիկյան պատվիրակությունն առաջարկվող շրջանակային համաձայնագրի մանրամասներին Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկուն և Կիևի վարչակարգի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացնելու նպատակով Կիև է ժամանել երեկ առավոտյան։

«Ուկրաինայի նախագահն ամերիկյան կողմից պաշտոնապես ստացել է պլանի նախագիծ, որը, ամերիկյան կողմի գնահատմամբ, կարող է ակտիվացնել դիվանագիտությունը»,- նշված է Զելենսկու գրասենյակի telegram ալիքում այսօր հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես ակնհայտ է, հաղորդագրության մեջ փաստաթղթին թեկուզ նախնական համաձայնության վերաբերյալ ոչ մի խոսք չկա: Զելենսկու գրասենյակում նշել են նաև, որ Ուկրաինան ԱՄՆ- ի, ինչպես նաև եվրոպական և այլ միջազգային գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության պատրաստակամություն է հայտնում: Բացի այդ, մոտ ժամանակներս Զելենսկին մտադիր է բանակցություններ վարել Թրամփի հետ՝ իրավիճակը կարգավորելու և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ դիվանագիտական ուղիներն ու հիմնական պարամետրերը դիտարկելու համար:

Ըստ «Politico»- ի, արդեն այս շաբաթ Սպիտակ տունը կարող է հրապարակել Ուկրաինայում հակամարտության ավարտին նպատակաուղղված շրջանակային համաձայնագիրը։ Թրամփի վարչակազմում կարծում են, որ Կիևի վարչակարգի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ռազմաճակատում անբարենպաստ իրավիճակի պատճառով ստիպված կլինի ընդունել առաջարկվող պայմանները։ Հավանաբար նկատի ունեն նաև, որ Զելենսկին առաջարկվող պայմանները ստիպված կլինի ընդունել ոչ միայն նշված, այլև Ուկրաինայում կոռուպցիոն հայտնի սկանդալի պատճառով:

Եթե Թրամփի ծրագիրն իսկապես այն բովանդակությունն ունի, ինչ ներկայացրել են արևմտյան ԶԼՄ- ները, ապա Ռուսաստանը դժվար թե համաձայնի այժմ Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող և, ըստ ծրագրի, իրեն հանձնվելիք Դոնբասի տարածքում իր զինված ուժերը տեղակայելու ինքնիշխան իրավունքից: Դժվար թե համաձայնի, ՌԴ Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության մաս հանդիսացող Խերսոնի և Զապորոժիեի մարզերի դեռ չազատագրված տարածքներն ազատագրելուց, առավել ևս՝ համաձայնի ազատագրված տարածքների մի մասը, որի վրա ռուսաստանցի զինծառայողների արյունն է թափվել, հանձնել Ուկրաինային:

Ուկրաինայում ևս դեմ են արտահայտվել Թրամփի ծրագրին, խոսքը ոչ թե Զելենսկու, այլ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է: Եվրամիության մի շարք պետություններ նույնպես արդեն դեմ են հանդես եկել ԱՄՆ- ի հիշյալ ծրագրին՝ այն պատճառաբանությամբ, որ դա Ուկրաինային փաստացի դնում է կապիտուլյացիայի եզրին։

Թրամփն իր զայրույթը թափելու է Ուկրաինայի վրա, եթե Կիևը մերժի իր ծրագիրը, ՌԴ- ի վրա, եթե Մոսկվան մերժի, երկուսի վրա էլ, եթե երկուսն էլ մերժեն: Այս դեպքում նա երկուսի նկատմամբ էլ կարող է կոշտ պատժամիջոցներ կիրառել, կամ ԱՄՆ- ին «խաղից» հանել և բավարարվել ընդամենը Միացյալ Նահանգների շահը հետապնդելով՝ Ուկրաինային զենք վաճառելով եվրոպական պետությունների և ԵՄ- ի միջոցով: Եթե Թրամփի խաղաղության ծրագիրը մերժվի, ապա հնարավոր է, որ պատերազմն առաջիկայում էլ ավելի սաստկանա:

Հետևելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ժամերի հայտարարություններին, կարծում ենք, կարելի է կռահել Թրամփի ծրագրի նկատմամբ ՌԴ դիրքորոշումը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ